Վահե Հակոբյանը չի վերադառնա ԱԺ

Բացարձակապես սուտ է։ Այսպիսինն էր ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանի արձագանքը լուրերին, թե ինքը պատրաստվում է վայր դնել իր պատգամավորական մանդատը։
Նա հետաքրքրվեց, թե մենք որտեղից ենք նման ինֆորմացիա ստացել, ապա նկատեց՝ նման բան չկա, ինքը նման միտք անգամ չունի։
Ինչ վերաբերում է ընդդիմության՝ ԱԺ վերադառնալուն և նոյեմբերի 15-ին մեկնարկելիք հերթական քառօրյային մասնակցելուն, ապա Հակոբյանը նշեց, որ ինքն անձամբ չի վերադառնալու նիստերի դահլիճ.
«Ես անձամբ չեմ մասնակցելու նիստին»,- MediaHub-ի հետ զրույցում շեշտեց Հակոբյանը։
Հարցին, թե արդյոք խմբակցությունում չի քննարկվում նիստերին մասնակցելու հարցը, Հակոբյանը պատասխանեց․
«Խմբակցությունում տարբեր հարցեր են քննարկվում, բայց էլի կրկնեմ, ես անձամբ չեմ մասնակցելու նոյեմբերի 15-ի նիստին»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ մամուլը գրել էր, որ «Հայաստան» խմբակցությունը վերադառնալու է խորհրդարան։ Չնայած շատերը, այդ թվում Իշխան Սաղաթելյանն ու Վահե Հակոբյանը դեմ են այդ մտքին, վերևից հրահանգ կա խորհրդարան վերադառնալու։
Նարե Գնունի